Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Ի պատասխան www.epress.am կայքում 06․17․15թ․ հրապարակված «ԱՊՀ տարածքում ամենաթանկ էլէներգիան Հայաստանում է» հոդվածին

25/06/2015

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չվիճարկելով հետխորհրդային պետություններում գործող էլեկտրաէներգիայի սակագների համեմատական աղյուսակում բերված տվյալները, հայտնում է հետևյալը.
 Հետխորհրդային երկրների էներգետիկ համակարգերն ունեն էլեկտրաէներգիայի արտադրության և սակագնի տարբեր կառուցվածքներ, սպառողներին ներկայացվող սպասարկման որակի տարբեր ցուցանիշներ, որոնցով պայմանավորված երկրների միջև կարող են առաջանալ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների զգալի տարբերություններ:
 Պատճառները հասկանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է աղյուսակում առանձնացնել այն երկրները, որոնք ունեն բնական գազի պաշարներ և զգալի հիդրոպոտենցիալ: Բնական գազի պաշարներ ունեն Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը, իսկ զգալի հիդրոպոտենցիալ Ռուսաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Սա թույլ է տալիս տվյալ երկներին արտադրելու համեմատաբար ավելի էժան էլեկտրաէներգիա և որպես հետևանք ունենալ ավելի մատչելի սակագներ այլ երկրների համեմատ:
 Մերձբալթյան երկրներում էլեկտրաէներգիայի շուկան ազատականացված է և էլեկտրաէներգիայի գինը ձևավորվում է շուկայի կանոնների համաձայն: Այնտեղ կարգավորվում են միայն հաղորդման և բաշխման ծառայությունները, որոնք համարվում են բնական մենաշնորհներ և եթե հաշվի առնել էներգետիկ համակարգերի առանձնահատկությունները, ապա Հայաստանի էներգետիկ համակարգը կարելի է համեմատել մերձբալթյան երկրների և Մոլդովայի էներգետիկ համակարգերի հետ:
 Տեղեկացնում ենք նաև, որ Բելառուսում և Ուկրաինայում պետական բյուջեից տրվում են նաև սուբսիդիաներ, բացի այդ էլեկտրաէներգիայի սպառողական խմբերի միջև կատարվում է նաև խաչաձև սուբսիդավորում, ինչն ըստ ներկայացված աղյուսակի ակնհայտորեն երևում է Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Վրաստանում:
 Ամփոփելով վերոշարադրյալը՝ ներկայացնում ենք էլեկտրաէներգիայի միջինացված սակագները մի շարք երկրներում:

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով