Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

ՀՏՀ

Մատակարարը պարտավոր է նոր սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանները տեղակայել մատակարարի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներում՝ քաղաքացիների համար տեսանելի վայրում, և իր պաշտոնական կայքում:

(ԷՄՕԿ*, կետ 13.1.2)

Նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) գրավոր դիմումի հիման վրա, կամ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգին համապատասխան:

(ԷՄՕԿ, կետ 13.2)

Դիմող անձի՝ էլեկտրական ցանցին միացման դիմումը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը. 1) կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, գտնվելու վայրը, սպառման համակարգի միացման հասցեն, կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի հեռախոսահամարը, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ՝ հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագիրը (պատճենահանելուց հետո վերադարձվում է)։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում ներկայացվում են նաև կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի անձնագիրը (պատճենահանելուց հետո վերադարձվում է) և էլեկտրոնային փոստի հասցեն, 2) պահանջվող հզորությունը (դրվածքային և օգտագործվող), լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), սպառման տեսակը (կենցաղային, ոչ կենցաղային), ոչ կենցաղային սպառման դեպքում նաև համակարգի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև` Դիմող անձի հայեցողությամբ, էլեկտրամատակարարման պահուստային սնուցման ապահովման անհրաժեշտության մասին իր պահանջները, 3) 0.4 կվ և բարձր եռաֆազ լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում՝ էլեկտրամատակարարման համակարգի էսքիզը կամ տարածքի հատակագիծը` նշելով նոր սպառման համակարգի միացման կետը կամ կետերը, սպառման տեսակը, իսկ բազմաբնակարան շենքերի համար նաև սպառման ներքին սխեման՝ նշելով էլեկտրաէներգիայի հաշվառման կետերը, շենքի հարկայնությունը, բնակարանների թիվը, շենքում տեղակայվող այլ սպառողների դրվածքային հզորությունը, շենքում տրամադրվող էլեկտրավահանակի և հաշվառքի սարքերի տեղադրման տեղերը, 4) էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերը, բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում ավտոկայանատեղիների և վերելակների, ինչպես նաև կանոններով մատակարարի իրավասությանը վերապահված դեպքերի:

(ԷՄՕԿ, կետ 13.2)

Առևտրային հաշվառքի սարքերի շահագործման ընթացքում դրանց ամբողջականության պահպանման ծախսերը և պահպանման պատասխանատվությունը կրում է սպառողը, եթե վերջինս բազմաբնակարան շենքում գտնվող սպառող չէ, առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է սպառողի սեփականությունը հանդիսացող կամ իր կողմից տնօրինվող տարածքներում և այդ մասին նշված է Պայմանագրում: Սույն կանոնների իմաստով սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի ամբողջականության պահպանումը նրա պահպանումն է արտաքին մեխանիկական վնասվածքներից: Սպառողը նման դեպքերում պատասխանատվություն չի կրում, եթե այդպիսի վնասվածքները առաջացել են սպառողի կամքից անկախ արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների արդյունքում:

(ԷՄՕԿ, կետ 20)

Մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` ա) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կանոններով և պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չկատարելու դեպքում. բ) եթե մատակարարի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ պայմանագրով սահմանված կարգով սպասարկել սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում` էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից. գ) եթե սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով. դ) կանոններով սահմանված կարգով էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման տեխնիկական պայմաններ ստացած նոր սպառողի էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններում էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման համար սահմանված ժամկետի ավարտի դեպքում։

(ԷՄՕԿ, կետ 33)

Պարտքի առկայության դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե սպառողը ներկայացրել է մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց։ Սույն դրույթը չի սահմանափակում մատակարարի իրավունքը պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու համար՝ սահմանված կարգով ապահովելով տվյալ սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման ընթացակարգերը:

(«ԷՄՕԿ», կետ 51.)

Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում, երբ մատակարարը դադարեցրել է սպառողի էլեկտրամատակարարումը, այն պարտավոր է վերականգնել ոչ ուշ, քան. 1) նույն օրը` մինչև ժամը 18:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը, 2) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-ից հետո, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը, 3) պարտքի մարման մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել ոչ աշխատանքային օրերին կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:

(ԷՄՕԿ, կետ 52)

Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում, սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները համապատասխան հիմնավորումներով: Վճարման փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) հաջորդ հաշվարկային ամսում սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում: Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված էլեկտրաէներգիայի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Սպառողը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի վիճարկվող մասի արժեքը՝ հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:

(ԷՄՕԿ, կետեր 53, 54, 55)

Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումը կարող է իրականացվել ինչպես սպառողի գրավոր դիմումի հիման վրա, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:

(ԷՄՕԿ, կետ 60)

Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը որոշվում է Չափագիտական մարմնի կողմից հաստատված չափագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա՝ առևտրային հաշվառքի սարքի հերթական կամ արտահերթ ստուգաչափման ընթացքում:

(ԷՄՕԿ, կետ 60)

Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, աշխատանքի ճշտության ստուգման և ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել սպառողին: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցել առանց սպառողին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ սպառողն էլեկտրաէներգիան սպառում է առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտմամբ կամ առևտրային հաշվառքի սարքի հետագա շահագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Նման դեպքում մատակարարը առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման մասին սպառողին պարտավոր է սույն կետում նշված եղանակներով ծանուցել անմիջապես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտման իր հիմնավորումները: Մատակարարը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգն անհապաղ վերացնելու նպատակով:

(ԷՄՕԿ, կետ 62)

Սպառողն իրավունք ունի պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ դրա ապահավաքակցումը, աշխատանքի ճշտության ստուգումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մատակարարի կողմից այդ մասին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույնով սահմանված ժամկետում առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը, աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը սպառողի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են նրա բացակայությամբ:

(ԷՄՕԿ, կետ 63)