Նոր համակարգը, Դիմող անձի հայեցողությամբ, կառուցում է մատակարարը կամ դիմող անձը: Նոր համակարգը, բացառությամբ առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, կառուցվում է դիմող անձի հաշվին: Նոր համակարգի կառուցումը և Հայաստանի Հանրապետությանը դրա սեփականության իրավունքի անհատույց հանձնումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(Կանոններ*, կետ 10.)
Բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում՝ բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքում մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն և իրականացնում բաժանորդին մատուցված ծառայության քանակի վերահաշվարկ համապատասխանաբար ներանցման խողովակի կամ շրջանցմամբ միացված ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկով՝ բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդի դեպքում` 15 օրվա, ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդի դեպքում` 30 օրվա, իսկ ոչ բնակիչ բաժանորդի դեպքում 90 օրվա համար, բացառությամբ այն դեպքի, երբ սույն կետով սահմանված ժամանակահատվածներից կարճ ժամանակահատվածով է բաժանորդ հանդիսացել, որի ժամանակ վերահաշվարկը կատարվում է բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածի համար, ընդ որում՝ միևնույն բաժանորդի մոտ առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում՝ բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքի հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում կրկին նշված խախտումը հայտնաբերելու դեպքում մատակարարը իրավունք ունի բաժանորդին մատուցված ծառայությունների քանակը վերահաշվարկել վերոնշյալ չափաքանակների կրկնապատիկի չափով: Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման դեպքում խմելու ջրի վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը մատակարարն առանձին տողով հաշվի է առնում բաժանորդին մատուցված ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և ավելացնում բաժանորդին մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարին կամ ներկայացնում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:
(Կանոններ, կետ 49.; 49.1.; 49.2. և 49.3.)
Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում մատակարարը` - արտաքին զննության արդյունքում կազմում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, առևտրային հաշվառքի սարքի խախտված լինելու մասին արձանագրություն, որը ստորագրում են մատակարարը և բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը: Բաժանորդի չներկայանալու կամ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու, կամ արձանագրության որևէ դրույթին չհամաձայնելու դեպքում այդ մասին մատակարարը արձանագրությունում կատարում է համապատասխան նշում` նկարագրելով պատճառները: Բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարն արձանագրությանը կցում է բաժանորդին ծանուցելու մասին գրությունը: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար. - իր հաշվին տեղակայում է առևտրային հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են պայմանագրում և որը հանդիսանում է մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս: Բաժանորդի սեփականություն հանդիսացող ապահավաքակցված առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափումից հետո վերադարձվում է բաժանորդին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(Կանոններ, կետ 35․
Բաժանորդին մատուցվող ծառայությունների մասին տվյալների պահպանման նպատակով մատակարարը բացում և վարում է առանձին հաշվառման քարտ՝ իր համարանիշով: Հաշվառման քարտում պահպանվում են մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին բաժանորդի ներքին ցանցի միացման կետի, միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նաև մատուցված (վերահաշվարկված, ճշգրտված) ծառայության քանակի և դրա դիմաց հաշվարկված գումարի, հաշվարկված տուժանքի մասին ողջ տեղեկատվությունը: Հաշվառման քարտի տեղեկատվությունը մատակարարը պահպանում է Պայմանագրի լուծելու պահից առնվազն 3 տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:
(Կանոններ, կետ 6․)
Բաժանորդը իր ներքին ցանցը ներառող տարածքը օտարելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել մատակարարին՝ պայմանագիրը լուծելու համար:
(Կանոններ, կետ 8․)
Բնակիչ-բաժանորդը դիմումին կցում է հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը. - անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը, - տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` նաև վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ, - կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը, - տեխնիկական պայմանների և խոշորացված նախահաշվի կազմման համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը։
(Կանոններ, կետ 15. 1) ենթակետ)
Մատակարարի կողմից նոր համակարգը կառուցվում է միացման պայմանագրի հիման վրա: Մատակարարը դիմող անձից նոր միացման համար գանձում է միացման վճար: Միացման վճարի մեծությունը հավասար է մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման աշխատանքների իրականացման նպատակով մատակարարի կողմից դիմող անձի հետ համաձայնեցված աշխատանքների խոշորացված նախահաշվի գնին և ճշգրտվում է աշխատանքների փաստացի ավարտից հետո՝ միացման պայմանագրով սահմանված կարգով:
(Կանոններ, կետ 11․)
Մատակարարը բաժանորդին վճարում է տուժանք` բաժանորդին մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը, հետևյալ դեպքերում. - առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման համար. - մատուցված ծառայությունների քանակների և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի հաշվարկման ու վերահաշվարկման և վճարման կարգի ու ժամկետների խախտման համար. - ջրամատակարարման ընդհատման և ծառայությունների մատուցման դադարեցման կարգի ու ժամկետների խախտման, այդ թվում՝ կանոնների 68-րդ կետով սահմանված ժամկետների գերազանցման համար. - դիմումի ներկայացման և քննարկման կարգի ու ժամկետների խախտման համար:
(Կանոններ, կետ 56․)
Սկսած 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մատակարարը պարտավոր է բաժանորդին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ: Սպասարկման տարածքում նոր բնակավայրի ավելացման դեպքում հանձնաժողովի կողմից սահմանվում է այդ բնակավայրի բաժանորդի ջրամատակարարման նվազագույն տևողության ցուցանիշների բարելավման անցումային ժամանակաշրջան:
(Կանոններ, կետ 66. և 93.)
Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել բաժանորդին ծառայությունների մատուցումը բաժանորդի կողմից՝ - մատուցված ծառայությունների կամ մատուցված ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կամ հաշվարկված տուժանքի չվճարման դեպքում մատակարարի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով բաժանորդին զգուշացնելու պահից սկսած 3 օրվա ընթացքում կրկին չվճարելու դեպքում, - մատակարարի ներկայացուցչին առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման կամ ապահավաքակցման նպատակով իր սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործել թույլ չտալու կամ առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը չհաղորդելու դեպքում:
(Կանոններ, կետ 74.)
Մատակարարը պարտավոր է ընդունել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով ներկայացված դիմումները և բաժանորդի դիմումին պատասխանել այն եղանակով, ինչ եղանակով ստացել է:
(Կանոններ, կետ 83.)
Մատակարարը պարտավոր է դիմումին պատասխանել 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ ժամկետ սահմանված չէ:
(Կանոններ, կետ 85․)