Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ կասկածի դեպքում իրականացվում է առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում:
(ԳՄՕԿ*, կետ 4.7)
Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափումը կարող է իրականացվել ինչպես բաժանորդի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:
(ԳՄՕԿ, կետ 4.7)
Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդին ներկայացնել չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:
(ԳՄՕԿ, կետ 4.7)
Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է մատակարարը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի այնպիսի խախտում, որի դեպքում մատակարարված բնական գազի վերահաշվարկն իրականացվում է ԳՄՕԿ-ի 4.13 կետի համաձայն կամ բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի միջստուգաչափման ժամկետում մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմումի ներկայացման արդյունքում չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ չի հաստատվել առևտրային հաշվառքի սարքի խախտում: Նման դեպքերում առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է բաժանորդը:
(ԳՄՕԿ, կետ 4.8)
Հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Կազմակերպությունը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի համար պարտավոր է վճարումը կատարել մատակարարից վճարման փաստաթուղթն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը` կազմակերպություններին վճարման փաստաթուղթ ներկայացնել բնակիչ-բաժանորդների համար սահմանված կարգով։
(ԳՄՕԿ, կետ 6.4)
Մատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(ԳՄՕԿ, կետ 2.19)
Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Բնակիչ-բաժանորդներն իրավունք ունեն մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:
(ԳՄՕԿ, կետ 8.2)
Բազմաբնակարան շենքերի բնակիչների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց բնակարաններից դուրս: Առանձնատների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց սեփականության տարածքից դուրս: Ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերի տեղակայման կետը սահմանվում է միացման պայմանագրով, որը ամրագրվում է նաև Պայմանագրում:
(ԳՄՕԿ, կետ 4.1)
Բնակիչ-բաժանորդները և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունները գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմում են մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին։ Մատակարարը պարտավոր է 15-օրյա ժամկետում քննարկել դիմումը, անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում մատակարարը պարտավոր է դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում: Գազասպառման համակարգում փոփոխությունները (նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում և այլն) կատարվում են նոր գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման համար սահմանված կարգով:
(ԳՄՕԿ, կետ 2.16)
Սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ բնակիչ-բաժանորդներին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է իրականացվի հանրապետական սփռման առնվանզն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Մատակարարը բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելուց անմիջապես առաջ պարտավոր է վերջինիս զգուշացնել: Մատակարարը չպետք է դադարեցնի բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե բնակիչ-բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` վերը նշված կարգով նախազգուշացնելուց հետո:
(ԳՄՕԿ, կետեր 8.4, 8.5 և 8.7)
Բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը հանձնաժողովի կողմից սահմանվել է 2270 դրամ՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերում երեքից ավելի գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարները հաշվարկվում և գանձվում են երեք գազօգտագործող սարքի հաշվով:
(ԳՄՕԿ, կետ 3.17, Հանձնաժողովի որոշում №516, 2012 թ.)
Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը օրացույցային տարվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը՝ 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով: Նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում ընդհատումների հաշվառվող քանակի մեջ: Ջերմային էլեկտրակայանների և տեխնոլոգիական անընդհատ ցիկլ ունեցող բաժանորդների համար այդ ցուցանիշները կարող են սահմանվել Պայմանագրով` չգերազանցելով սույն կետում սահմանված արժեքները:
(ԳՄՕԿ, կետ 2.8)