Ստեղծման անհրաժեշտություն
Ինչպես զարգացած, զարգացող, այնպես էլ շուկայական տնտեսության անցնող երկրներում կարևորվում են հանրային ծառայությունների պետական կարգավորման հիմնախնդիրները, որոնց լուծումների վերաբերյալ առկա են կառավարման տարբեր մոտեցումներ և սկզբունքներ: Ներկայումս «պետություն - հանրային ծառայություններ մատուցող» փոխհարաբերությունները կարելի է համարել աշխարհի երկրների մեծ մասի, եթե ոչ բոլորի համար, ոչ միայն տնտեսական այլև սոցիալական և քաղաքական մեծ հնչեղություն ունեցող կարգավորման ոլորտ, որտեղ առնչվում են երկրի յուրաքանչյուր քաղաքացու, պետական տարբեր կառավարչական կառույցների և ձեռնարկատերերի շահերը: Հարաբերությունների այս հարթությունում պետական կարգավորման նպատակն է, գտնել նշված շահերի լավագույն համակցությունը:
Ինչպես ցույց են տալիս վերջին տարիների միջազգային փորձը, պետության կողմից տնտեսության կարգավորման անուղղակի միջամտության սկզբունքներն ու մեթոդներն արդյունավետ կարող են գործել թե` անցումային, և թե` զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում: Հետևաբար, խոշոր տնտեսական կազմակերպությունների տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում նրանց գործունեության վերահսկման մեխանիզմների կայացումը և կառավարման արդյունավետության բարձրացումը ներկայումս և առաջիկայում հանդես են գալիս որպես պետական տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններ:
Հայաստանի Հանրապետության տնտեսությունում, մասնավորապես հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման անհրաժեշտությունն ի հայտ եկավ անցյալ դարի 90-ականներին, երբ Հայաստանի անկախացումից հետո հանրապետությունը հայտնվեց ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Այս խնդիրների առկայության պարագայում, պետության կողմից հանրային ծառայությունների ոլորտում անհրաժեշտ էր իրականացնել բարեփոխումների համալիր ծրագիր, որը թույլ կտար շտկել ստեղծված իրավիճակը և հիմք կստեղծեր այդ ոլորտի հետագա զարգացման համար:
Անհրաժեշտ էր հստակեցնել պետության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության ուղղությունները, տարանջատել կառավարման և կարգավորման գործառույթները, սահմանել պետական կարգավորման հիմնական սկզբունքները և դրանց իրականացման միջոցները, հստակեցնել իրավական դաշտը տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտենրի համար, սահմանանել հստակ և հիմնավորված սակագնային քաղաքականության սկզբունքները և այդ սակագների հաշվարկման և ձևավորման մեթոդիկաները:
Ելնելով վերը նշված բազմաթիվ խնդիրների հրատապ և հիմնովին լուծման անհրաժեշտությունից, 1997 թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը: