Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Ի գիտություն հասարակությանը

29/09/2016

Ի գիտություն հասարակությանը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նպատակ ունենալով տեղեկացնել հանրությանը հանձնաժողովի 2016 թվականի աշխատանքային ծրագրով 4-րդ եռամսյակում նախատեսված աշխատանքների մասին, ստորև ներկայացնում է այդ աշխատանքների հակիրճ բովանդակությունը:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ և ՀՀ բնական մենաշնորհների ոլորտին առնչվող իրավական ակտերը Եվրասիական տնտեսական միության բնական մենաշնորհների համաձայնագրի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, նախատեսվում է մշակել Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց կողմից տեղեկատվության հասանելիության ապահովման կարգ:
Մատակարար-սպառող փոխհարաբերությունները կանոնակարգման նպատակով, հաշվի առնելով սպառողներից ստացված դիմում-բողոքների և մատակարարի ներկայացրած առաջարկությունների վերլուծության ամփոփման արդյունքները լրամշակվելու են էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները, ինչպես նաև բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները:
ՀՀ ջրային օրենսգրքի՝ 2016 թվականի հունվարի 22-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ հանձնաժողովը պարտավոր է մեկ տարվա ընթացքում իր իրավական ակտերը համապատասխանեցնել նշված փոփոխություններին: Ըստ այդմ՝ հանձնաժողովը նախատեսում է մշակել խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կանոնները, ջրային ոլորտի լիցենզավորման կարգը ինչպես նաև ջրամատակարար ընկերության և բաժանորդների միջև կնքվող՝ խմելու ջրի մատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը: Նախատեսվում են փոփոխություններ իրականացնել ջրային ոլորտում սակագների սահմանման ու վերանայման կարգում, ինչպես նաև կամրագրվեն խմելու ջրի ոլորտում 2017 թվականից նախատեսվող ապագա վարձակալի համար սակագների սահմանման և վերանայման գործընթացի հետ կապված առանձնահատկությունները: Փոփոխություններ են իրականացնվելու նաև ջրային ոլորտի ընկերությունների կողմից հանձնաժողով ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգում, որի արդյունքում նշված կարգը կհամապատասխանեցվի ՀՀ ջրային օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններին, ինչպես նաև ըստ անհրաժեշտության կշտկվեն որոշ տեղեկատվական ձևեր:
Հանրային կազմակերպությունների կողմից կատարված գնումների արդյունավետության և հանձնաժողովի 2014 թվականի մարտի 26-ի №61Ա որոշմամբ սահմանված լրացուցիչ պահանջներին համապատասխանության գնահատման նպատակով նախատեսվում է հանրային կազմակերպությունների (ըստ ընտրված ցանկի) 2015 թվականի գնումների առանձին գործարքների մոնիթորինգ։
Նախատեսվում է քննարկել երկդրույք սակագնային համակարգում գործող էլեկտրակայանների 2017 թվականի պայմանագրային և տնօրինելի էլեկտրական հզորությունները, որը հաշվի կառնվի էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների հաշվարկներում, կամրագրվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և երկդրույք սակագնային համակարգում գործող ընկերությունների միջև կնքվող էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերում:
Հաստատվելու են հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2017 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը, որի հիման վրա համապատասխան կարգավորվող ընկերությունները կապահովեն կարգավորման պարտադիր վճարների գծով պետական բյուջեի մուտքերը:
Նախատեսվում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ոլորտում հրապարակված տեղեկատվության թարմացում, մասնավորապես՝ իրականացվող սակագնային քաղաքականության, ջրային ոլորտի ընկերությունների 2016 թվականի 3-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական ցուցանիշների, սպառողների սպասարկման որակի ցուցանիշների և սպառողների դիմում-բողոքների վերաբերյալ:
Եռամսյակային արդյունքներով ամփոփվելու են և հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.psrc.am) հրապարակվելու են էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրային համակարգերի կարգավորվող ընկերությունների գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշները:
Փոփոխություններ են կատարվելու Հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N169Ն որոշման մեջ ինչի արդյունքում՝ կսահմանվեն ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների հաշվառման ընթացակարգն ու ՀՀ-ում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների օգտագործման պայմանները:
Սահմանվելու է նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով