Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Տրամադրվել է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն, սահմանվել են նոր սակագներ

30/05/2006

Տրամադրվել է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն, սահմանվել են նոր սակագներ


Սույն թվականի մայիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որում քննարկվել են
«Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման և վերջինիս կողմից` սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցերը:
Քննարկելով վերոնշյալ հարցերը` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, տասը տարի գործողության ժամկետով, տրամադրել ջրային համակարգի օգտագործման թույլտվություն` խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար: Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից` սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար սահմանվել են հետևյալ սակագները`
ա) սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 146.880 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 12.096 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց,
գ) սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը՝ 13.824 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց,
դ) ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին՝ յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը՝ 8.64 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 18.96 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագները կգործեն 2006 թվականի հուլիսի 1-ից։

Որոշումներն ամբողջությամբ տեղադրված են հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am: