Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Կարգավորում` շահերի հավասարակշռման սկզբունքով

15/12/2005


Կարգավորում` շահերի հավասարակշռման սկզբունքով

 

2005 թվականի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոքր ՀԷԿ-երի կառուցման և արտադրության լիցենզիաներ է տրամադրել 33 ընկերությունների: Լիցենզավորված փոքր ՀԷԿ-երի թիվը, որը էներգետիկ անկախության ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացվող նպաստավոր քաղաքականության արդյունքում` այսօր հասնում է 79-ի, կարելի է համարել լուրջ ձեռքբերում: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է Հայաստանում առաջին` «Լոռի-1» հողմակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա:
Նախորդ տարում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվել է ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման կարգը, սահմանվել են խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի չափանիշները, սպասարկման որակի նվազագույն պահանջները:
2005 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից հաստատվել են բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները, կենցաղային սպառման համար բնական գազի մատակարար-բաժանորդ (բնակիչ) պայմանագրի օրինակելի ձևը, համաձայնություն է տրվել բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների ներտնային գազասպառման համակարգերի շինհավաքակցման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության չափորոշիչներին, սահմանվել են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարները. մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում՝ 2400 դրամ, երկուսի համար` 5700 դրամ, երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում` 6900 դրամ: Տարեկան վճարները սկսել են գործել 2005 թվականի դեկտեմբերի 1-ից: Հանձնաժողովի որոշմամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դարձել է բնակչության գազասպառման համակարգի ներտնային տեխնիկական անվտանգության պատասխանատուն: Հանրությանը հետաքրքրող, աշխատանքային փուլում գտնվող հարցերի քննարկմանը մասնակցել են սպառողների շահերը ներկայացնող հասարակական շահագրգիռ կազմակերպություններ:
Հանձնաժողովի որոշմամբ հաստատվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների ցանկը և ժամանակացույցը:
Անցած տարվա ընթացքում հանձնաժողովում ուսումնասիրվել և մատակարար ընկերությունների հետ քննարկումներ են կազմակերպվել ԶԼՄ-ներով, սպառողների հետ կապերի բաժնում ստացված 557 ահազանգերի, հարցադրումների առիթով: Հարցադրումներից և բողոքներից 376-ը ստացել են դրական լուծումներ, 152-ի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ: Մամուլում տեղ գտած ահազանգերին ի պատասխան, հրապարակման նպատակով 17 պաշտոնական պարզաբանումներ են ուղարկվել թերթերի խմբագրություններ:

 


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
մամուլի ծառայություն