ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՎԵՑ
26/12/2017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՎԵՑ
Դեկտեմբերի 26-ին ՀՀ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ հիշարժան իրադարձություն: Երևան ժամանած Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև վավերացվեց 2007 թվականից սկսված համագործակցության՝ 2018 թվականին նախատեսված համատեղ աշխատանքային ծրագիրը:
Հոբելյանական տասը տարվա ընթացքում հանձնաժողովների միջև կնքվել են համագործակցության համաձայնագրեր, որոնց հիման վրա յուրաքանչյուր տարի կազմվել են աշխատանքային ծրագրեր։ Հանձնաժողովները պարբերաբար տեղեկատվություններ են փոխանակել կարգավորման գործառույթների և կարգավորվող ոլորտների վերաբերյալ: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են հանձնաժողովների անդամների և աշխատակազմերի ներկայացուցիչների հանդիպումներ և սեմինար խորհրդակցություններ։
Շարունակվող համագործակցության շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ և աշխատանքներ՝ ուղղված Արցախի Հանրապետության հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացմանը, կարգավորման քաղաքականության իրականացման բնագավառներում փորձի փոխանակմանը, օրենսդրական, իրավական ակտերի մշակմանը ու կիրառմանը, ինչպես նաև երկու հանձնաժողովների համագործակցության ամրապնդմանը։
Որպես կանոն, ամեն տարեվերջ աշխատանքային ծրագրի արդյունքները ամփոփվում են, համագործակցության շարունակականությունը ապահովելու նպատակով՝ հստակեցվում համատեղ գործունեության առաջիկա կարևորագույն խնդիրները: 2018 թվականի համատեղ աշխատանքային ծրագրի հիմքում ևս կարգավորման գործընթացի առաջնահերթ խնդիրներն են, որոնց հաղթահարումը նոր մակարդակի նշաձողեր կարող են դառնալ երկու հանրապետությունների համանուն հանձնաժողովների գործունեության մեջ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով