ԳՄՕԿ-ը հաստատելու վերաբերյալ
08/07/2005
Սույն թվականի հուլիսի 8-ին տեղի է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որում քննարկվել են բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը հողմային էլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին հարցերը:
Քննարկելով վերը նշված հարցերը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հաստատել բնական գազի մատակարարման և օգտագործման նոր կանոնները: Նկատի ունենալով վերջին տարիների ընթացքում հանրապետությունում ընթացող գազիֆիկացման բարձր տեմպերը և գազամատակարարման համակարգի սպասարկման և շահագործման հետ կապված ռիսկերը և վթարները, ինչպես նաև կարևորելով գազասպառման համակարգի անվտանգության աստիճանի բարձրացման հետ կապված խնդիրները, հանձնաժողովի կողմից հաստատված նոր կանոններով այսուհետ, մատակարարը`«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստանձնում է պարտականություններ բազմաբնակարան շենքերի տարածքներում տեղակայված գազամատակարարման համակարգերի նախագծման, կառուցման, կարգաբերման և տեխնիկական սպասարկման աշխատանքների համար, ինչպես նաև իրականացնելու է հրահանգավորման և պարբերական զննումների գործառույթը: Ընդ որում, ներտնային համակարգերի կառուցումը պետք է իրականացվի հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով հաշվարկված գնացուցակներով, իսկ այդ բաժանորդների ներտնային համակարգերի սպասարկման ծառայության վճարը սահմանվելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության հողմային էլեկտրակայանի կառուցման լիցենզիա ստանալու հայտը: Հանձնաժողովի ընդունված որոշումը հատկանշական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում, Լոռվա մարզի Պուշկինի լեռնացքի Չիբուխլի հանդամասում կկառուցվի 2,7 Մվտ դրվածքային հզորությամբ առաջին հողմային էլեկտրակայանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների հետ շուտով կարող եք ծանոթանալ կայքի որոշումներ բաժնից: Տես 2005 թվականի N 95Ն որոշումը:
որոշման նախագծերը 1 2 կանոնները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի մամուլի ծառայություն