ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
22/02/2006
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն թվականի փետրվարի 21-ին «Կենտրոն» հեռուստաընկերության հեռարձակած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իր պարտավորություների չկատարման հետևանքների մասին տեսանյութի վերաբերյալ հայտնում է, որ հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, համաձայնություն է տալիս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող այն ներդրումային ծրագրերին, որոնք նպատակաուղղված են սպառողների սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը և լիցենզավորված գործունեության իրականացման բնականոն ընթացքի ապահովմանը: Ընկերության առաջին ներդրումային ծրագրին հանձնաժողովը համաձայնություն է տվել 2004 թվականի հունիսին, իսկ 2005-2007 թվականների ներդրումային ծրագրին` 2005-ի փետրվարին: Միաժամանակ, hանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում ուսումնասիրում է ներդրումային ծրագրերի կատարման արդյունքները, տալիս համապատասխան գնահատականներ: Ուսումնասիրելով ընկերության 2004 թվականի ներդրումային ծրագրի կատարման ցուցանիշները, հանձնաժողովն այն գնահատել է ոչ բավարար և նշել, որ 2005-ին համանման արդյունքների դեպքում կքննարկի ընկերության նկատմամբ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տույժեր կիրառելու հարցը: Ընկերության 2005 թվականի ներդրումային ծրագրի գնահատականը կտրվի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավարտից հետո, երբ ամբողջությամբ կամփոփվեն կատարված ներդրումների և սպառողների սպասարկման որակի ցուցանիշների մասին փաստացի տվյալները:
Ինչ վերաբերում է զանգվածային լրատվական միջոցներով վերջերս հնչեցված այն հայտարարություններին, թե ընկերության կողմից հանձնաժողով ներկայացված կորուստների չափերը չեն համապատասխանում իրական մեծություններին, հայտնում ենք, որ յուրաքանչյուր տարի սակագնային մարժայի վերանայման ժամանակ հանձնաժողովը հիմք է ընդունում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաշխման գործունեության լիցենզիայում ամրագրված կորուստների հետևյալ մեծությունները. 2004 թվականի համար՝ գնված էլեկտրաէներգիայի 17%-ը, 2005 թվականի համար՝ 15%-ը, 2006 թվականի համար՝ 14%-ը, 2007 թվականի համար՝ 13,5%-ը, 2008 թվականի համար՝ 13%-ը։ Բաշխման լիցենզիայում ամրագրված կորուստների ցանկացած գերազանցում ընկերությունում առաջացնում է տնտեսական վնաս, որը սակագների հետագա վերանայման ժամանակ չի փոխհատուցվում` հանգեցնելով ընկերության փաստացի շահույթի նվազեցման:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով