Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին նախազգուշացնել

26/06/2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 4-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների համաձայն ընկերությունը 2018 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների (այսուհետ՝Կանոններ) 16-րդ կետը: Մասնավորապես՝ մատակարար ընկերությունը դիմումը ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում դիմող անձին է ներկայացնում տեխնիկական պայմաններ՝ դիմող անձի կողմից նոր համակարգի կառուցման դեպքում, կամ միակողմանի կնքված միացման պայմանագիր՝ ընկերության կողմից նոր համակարգի կառուցման դեպքում, սակայն դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման ներկայացնելու փոխարեն տրամադրվել են միացման սխեմաներ:
Հարկ է նշել, որ վերոնշյալ խախտումները վերաբերում են երրորդ կողմի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացվող նոր համակարգերի կառուցման աշխատանքներին:
Ուստի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 47.1 հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը՝ հանձնաժողովը որոշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին նախազգուշացնել՝ Կանոնների 16-րդ կետը խախտելու համար։
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ հնարավորություն ընձեռվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.psrc.am) գործող առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային հարթակի միջոցով հանրային ծառայությունների ոլորտի կարգավորվող ընկերություններին՝ համապատասխան իրավակարգավորումների առկայության դեպքում, հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված բոլոր տիպի հաշվետվությունները և տեղեկատվությունը հանձնաժողով ներկայացնել էլեկտրոնային եղանակով: