ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլտվություն տրամադրեց «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը
24/07/2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի հուլիսի 24-ի նիստում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրեց՝ հաշվի առնելով, որ վերջինս հաղթող էր ճանաչվել հանձնաժողովի կողմից 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի ընդհանուր 20ՄՀց հատվածների տրամադրման մրցույթում:
Մասնավորապես, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից՝ մրցույթների կանոնների համաձայն ներկայացված հայտ-առաջարկը կազմել է մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ, որն ընկերությունը կփոխանցի ՀՀ պետական բյուջե:
Միևնույն ժամանակ, նշված թույլտվության պայմանների համաձայն՝ ընկերությունը պետք է 1 տարվա ընթացքում հանրային շարժական կապի LTE Advanced/4G+ տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված ՀՀ բնակավայրերի առնվազն 12%-ը և 2 տարվա ընթացքում՝ ՀՀ բնակավայրերի առնվազն 80%-ը ապահովի լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթով։
Արդյունքում, ՀՀ բնակավայրերում կապահովվի շարժական կապի ցանցի 4G+/LTE-Advanced տեխնոլոգիայի հիման վրա առնվազն մեկ օպերատորի 100 տոկոս և երկու օպերատորի փոխադարձ ներթափանցելի առնվազն 80 տոկոս ծածկույթ։