Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Ընդունվել են հեռախոսագծի օգտագործմամբ ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ որոշումներ

05/05/2006

Ընդունվել են հեռախոսագծի օգտագործմամբ ինտերնետ
հասանելիության ծառայությունների վերաբերյալ որոշումներ


    Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 5-ի նիստում քննարկվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2005թ-ի դեկտեմբերի 7-ի N 404Ն հրամանի պաշտոնական պարզաբանման, ինչպես նաև ինտերնետ հասանելիության ծառայության համար հեռախոսագծի օգտագործման դիմաց` «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաժանորդներին ներկայացված հաշիվների մասին հարցերը:
    Հաշվի առնելով, որ հանձնաժողովի նիստին նախորդել էր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` հանձնաժողովին ներկայացրած գրավոր առաջարկը առ այն, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստ է 2004 թվականի նոյեմբերից մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում, «ԱրմենՏել» ՓԲԸ-ին գրավոր բողոք ներկայացրած բաժանորդներին ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու ժամանակ` մոլորությամբ միջազգային զանգ կատարած և միջազգային հեռախոսային ծառայությունների դիմաց հաշվարկված գումարները ներել կամ դրանք վճարված լինելու դեպքում` ֆիքսված կապով ծառայությունների գծով կանխավճար ձևակերպել, հանձնաժողովը որոշեց ընդունել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի առաջարկը, և հանձնարարեց վերջինիս մինչև 2006 թվականի մայիսի 13-ը նշված բաժանորդներին ծանուցման գործընթացի վերաբերյալ տեղեկացնել հանձնաժողովին, ինչպես նաև դիտարկել վերը նշված բաժանորդների ցանկում 2006 թվականի ապրիլի 1-ից մինչև սույն թվականի մայիսի 5-ը «ԱրմենՏել» ՓԲԸ-ին գրավոր բողոք ներկայացրած բաժանորդներին ներգրավելու հնարավորությունը:
    «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է նաև, մեկամսյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել առաջարկություններ` հեռախոսային լրացուցիչ նոր ծառայության մատուցման պայմանների վերաբերյալ, որոնցով, բաժանորդների գրավոր դիմումի համաձայն, դիմումում իրենց նշած գումարի չափի գերազանցման դեպքում, կսահմանափակվի հեռախոսային ծառայությունների մատուցումը, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով, ամիսը մեկ անգամ, բաժանորդներին իրազեկել անցանկալի կամ մոլորությամբ կատարվող միջազգային զանգերից խուսափելուն ուղղված միջոցառումների մասին:
    Քննարկման արդյունքում որոշվել է, պաշտոնապես պարզաբանել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի «Սակագները հաստատելու մասին» №404Ն հրամանով հաստատված ինտերնետ հասանելիության ծառայության սակագինը կիրառելի է «ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ կատարելու միջոցով հեռախոսագծի օգտագործում» իմաստով: Սահմանվել է նաև, որ հեռախոսագծի օգտագործմամբ (dial up) ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվողների կողմից միջազգային զանգ կատարելու միջոցով տվյալների հաղորդման, ինտերնետ հասանելիության օտարերկրյա ծառայություններ մատուցողների ցանցերի հետ կապի հաստատման ժամանակ` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին մատուցվել են միջազգային զանգի ծառայություններ:
    Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներին կարելի է ծանոթանալ նաև հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am:

 

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողով

5 մայիսի 2006թ.