Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից ներկայացրած սակագների ճշգրտումների վերաբերյալ առաջարկությունները մերժելու մասին

13/10/2006

    Սույն թվականի հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած սակագների ճշգրտումների վերաբերյալ առաջարկությունները մերժելու մասին» հարցը:
    Հաշվի առնելով, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունելի չեն «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած սակագների ճշգրտումների վերաբերյալ առաջարկությունների հիմքում դրված սեփական կապիտալի արժեքը, շահույթի հաշվարկման բազան, հիմնական և շարժական հեռախոսակապերի, տարբեր ծառայությունների միջև ծախսերի բաշխման սկզբունքները, բաժանորդային վճարների և ինտերնետ հասանելիության ծառայության համար հեռախոսագծի օգտագործման ծառայությունների մասով վերահավասարակշռման հասնելու տեմպերը, ինչպես նաև, նկատի ունենալով, որ ընկերությունը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել շահագործման և պահպանման ծախսերի մի շարք հոդվածների մասով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ մերժվել  է բացառիկ իրավունքով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների սակագների ճշգրտումների վերաբերյալ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությունը:
    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերոհիշյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հաջորդող 45 օրվա ընթացքում, համաձայն «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակի 6.Բ.3. կետի, «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը իրավունք ունի բավարար ջանքեր գործադրել սակագների ընդունելի ճշգրտման վերաբերյալ հանձնաժողովի հետ համաձայնության գալու համար:


                                                    
ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով  
13.10.2006թ.