«Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին
16/05/2007
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սույն թվականի մայիսի 16-ի նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» հարցը:
Հանձնաժողովը որոշել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2007 թվականի հուլիսի 1-ից մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող սակագները թողնել անփոփոխ:
Հաշվի առնելով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության սակագների ճշգրտման առաջարկում ներկայացված մանրածախ ջրամատակարարման ծավալների վերաբերյալ հանձնաժողովի աշխատանքային խմբի ուսումնասիրության և վերլուծության արդյունքները` որոնց համաձայն 2006 թվականի մանրածախ ջրամատակարարման ընկերության ներկայացրած ծավալները ճշգրտվել են մոտ 4.73 մլն խորանարդ մետրով, ելնելով սակագնի ճշգրտման մեթոդաբանությամբ նախատեսված մյուս գործոնների ազդեցությունից, հանձնաժողովը, ընկերության առաջարկած 7.6 դրամի (առանց ԱԱՀ) փոխարեն, սակագնի ճշգրտման ընդունելի մեծություն է համարել 3 դրամը (առանց ԱԱՀ):
Հանձնաժողովը, համապատասխան փոփոխություն կատարելով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմաններում, որոշել է սակագնի ճշգրտման մեծություն համարվող 3 դրամը (առանց ԱԱՀ) հավելել ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2009 թվականի բազիսային սակագնին, այսպիսով` յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի համար, նախկին 129 դրամ (առանց ԱԱՀ) բազիսային սակագնի փոխարեն, սահմանելով 132 դրամ (առանց ԱԱՀ):