Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում սպառողների հետ

28/11/2007

 

 

  2007 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում հանձնաժողովի նախագահ պարոն Ռ.Նազարյանի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին մատուցվող ծառայությունների կասեցման հետ կապված սպառողների պահանջը ներկայացնող նախաձեռնող խմբի և «Հասարակական պաշտպանների միություն» հասարակական կազմակերպության հետ:
  Լսելով սպառողների առաջարկությունները և հիմնավորումները, պարոն Ռ.Նազարյանը տեղեկացրել է, որ դեռևս 2007 թվականի հոկտեմբերի 9–ին 10000 սպառողների ստորագրությամբ ստացված  գրավոր բողոքը առանձնակի ուշադրությամբ ուսումնասիրվում և քննարկվում է հանձնաժողովի կողմից: Մասնավորապես, ուսումնասիրվում են միջազգային փորձը, ցանցերի տեխնիկական հնարավորությունները, խնդիրը կարգավորող որոշման ընդունման հնարավոր հետևանքները սպառողների և ծառայություններ մատուցողների շահերի հավասարակշման տեսանկյունից, ինչպես նաև բարձրացված հարցի հնարավոր այլ լուծումներ: Ավելին, սույն թվականի նոյեմբերի 22-ին հանձնաժողովի կողմից կազմակերպվել է համատեղ քննարկում` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի և «Հասարակական պաշտպանների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են խնդրո առարկային վերաբերող հարցերը (քննարկման արձանագրությունը կցվում է ):
  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ներկայումս հանձնաժողովի կողմից մշակվում է «Հանրային էլեկտրոնային ցանցերով հեռախոսային ծառայությունների մատուցման և դրանց օգտագործման կանոնների» նախագիծը, որում և տեղ կգտնեն բարձրացված խնդրի հնարավոր լուծումները: Նշված կանոնների նախագիծը հաջորդ շաբաթվա ընթացքում կտեղադրվի հանձնաժողովի ինտերնետային կայքում, ինչը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնելու իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
  «Հանրային էլեկտրոնային ցանցերով հեռախոսային ծառայությունների մատուցման և դրանց օգտագործման կանոնները» նախատեսվում է հաստատել մինչև 2007 թվականի ավարտը:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

28.11.2007թ.