Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Ապրիլի 29-ից 30-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի

03/05/2011

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ` ԱՐՑԱԽՈՒՄ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում` ապրիլի 29-ից 30-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
 Այցի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանն ընդունել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանը, վարչապետ Ա. Հարությունյանը: Ապրիլի 30-ին երկու երկրների կարգավորող հանձնաժողովները ԼՂՀ կառավարությունում գումարել են համատեղ նիստ, որտեղ քննարկվել են վեցամսյա ժամանակահատվածում կարգավորող մարմինների համագործակցության ամփոփ արդյունքները. ներկայացվել է ԼՂՀ կարգավորող մարմնին վերաբերող օրենքների և իրավական ակտերի բարելավման, հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման, ՀՀ ՀԾԿՀ-ում ներդրված արդյունավետ մեխանիզմների կիրառման հնարավորության, կարգավորող մարմնին վերապահված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի մշակմանն ու ներդրմանն ուղղված ամփոփ տեղեկատվությունը: Հանդիպման մասնակիցները արձանագրել են ԼՂՀ-ի հեռահաղորդակցության ոլորտում կատարված մեծ առաջընթացը. սակագների և փոխկապակցման վճարների վերաբերյալ ԼՂՀ կարգավորող հանձնաժողովի, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի միջև, 2010 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն ԼՂՀ տարածքում էականորեն նվազեցվել են ցանցերի փոխկապակցման վճարները, ինչպես նաև՝ ամրակցված և շարժական հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները: 30%-ից մինչև 47% նվազել են ամրակցված հեռախոսակապի սակագները, շարժական հեռախոսակապինը՝ 30%-ից մինչև 51%, ինտերնետ հասանելիության (մեգաբայթային փաթեթներ)`մինչև 54%: 1 Մբիթ/վ արագության միջազգային IP տարանցման հոսքի միջին գինը, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, կազմում էր 268252 դրամ: Սեղմ ժամկետում, տարբեր տեխնիկական լուծումներով կազմակերպված նոր միջազգային IP տարանցման կապուղիների շնորհիվ, զգալիորեն աճել է ԼՂՀ տարածք մուտք գործող միջազգային IP տարանցման հոսքերի ընդհանուր թողունակությունը, իսկ 1 Մբիթ/վ արագությամբ միջազգային IP տարանցման ծառայության սակագինը, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի համեմատ, նվազել է մոտ 5 անգամ: Սույն թվականի մայիսի 1-ից կիրառության մեջ են դրվել ինտերնետ հասանելիության ծառայության` անսահմանափակ ամսական տրաֆիկով փաթեթներ, որոնց սակագները, գործող սակագների համեմատ, նվազել են ավելի քան 10 անգամ:
 ԼՂՀ հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաև, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման նպատակով ցուցաբերած օժանդակության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ պարոն Ս.Արաբաջյանին պարգևատրել է ԼՂՀ վարչապետի մեդալով, իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ պարոն Գ.Գևորգյանին՝ ԼՂՀ կառավարության պատվոգրով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով