2011 թվականի հոկտեմբերի 8-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված ««ԱրմենՏելը» իջեցնում է» վերնագրով հոդվածի վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է հետևյ
10/10/2011
«ԱրմենՏել» ընկերության՝ թե նախկին, թե ներկայիս ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետությունում ընկերության գործունեության իրականացման սկզբից ի վեր և մինչ օրս երբևէ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով չի ներկայացրել ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցման սակագների իջեցման առաջարկով որևէ հայտ կամ առաջարկություն: Ավելին, 2006 թվականի սեպտեմբերի 1-ին և 2007 թվականի հունիսի 1-ին «ԱրմենՏել» ընկերության կողմից հանձնաժողովին են ներկայացվել ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտեր, որոնց մեջ ներառված առաջարկությունները հանգեցնում էին վերը նշված սակագների բարձրացմանը: Հայտերի ուսումնասիրման արդյունքում հանձնաժողովը, համապատասխանաբար 2006 թվականի հոկտեմբերի 13-ի No 226Ա որոշմամբ մերժել է, իսկ 2007 թվականի օգոստոսի 24-ին No 340Ն որոշմամբ հաստատել է այդ պահին գործող սակագները և սահմանել է դրանք որպես առավելագույն:
Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի, հանձնաժողովը սահմանում է ծառայությունների մատուցման մեջ գերիշխողների կողմից մատուցվող սակագները: Օրենքի նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն, կարգավորողը իրավասու է սահմանել ծառայությունների համար գանձվող առավելագույն սակագները: Հիմք ընդունելով վերը նշված օրենքի դրույթները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2007 թվականի նոյեմբերի 16-ի No 529 Ա որոշմամբ հաստատել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների առավելագույն սակագներից ցածր սակագների կիրառման կարգը, համաձայն որի, ընկերությունը, ցանկացած ժամանակ և առանց հանձնաժողովի նախնական համաձայնության կարող է կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցել հանձնաժողովի կողմից սահմանված առավելագույն սակագներից ավելի ցածր սակագներով՝ բացառելով անբարեխիղճ մրցակցությունը, հաճախորդների (բաժանորդների) նկատմամբ գնային խտրականությունը և մատուցվող ծառայությունների որակի վատթարացումը:
Հաշվի առնելով վերը շարադրյալը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված ««ԱրմենՏելը» իջեցնում է» վերնագրով հոդվածում տեղ գտած վերլուծությունը և դրա վրա հիմնված եզրակացությունները անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
10.10.2011թ.
ք.Երևան